BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

«Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպության հաղորդագրությունը

«Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպության հաղորդագրությունը
14.05.2016 | 23:45

Ապրիլի 2-ի լուսաբացին սկսված քառօրյա պատերազմի հետևանքով հայկական կողմն ունեցավ մարդկային և տարածքային կորուստներ:
Մարդկային կորուստների մասին տեղեկությունները հայտնի են: Հայտնի է նաև, որ մեր զինվորներն ու սպաներն աչքի են ընկել անօրինակ սխրագործություններով և պատրաստ էին հակահարձակման անցնելով ջախջախիչ պարտության մատնել հակառակորդին: Սակայն քաղաքական ղեկավարությունը ոչ միայն 1994 թ. նման կասեցրեց մեր բանակի հաղթական ընթացքը, այլև թույլ չտվեց, որ բանակը հետ վերցնի քառօրյա պատերազմի ընթացքում գրավված մի շարք կարևոր հենակետեր և փաստացի դրանք հանձնեց հակառակորդին:
Ողջամիտ մարդու տեսակետից ակնհայտ է, որ 21-րդ դարում այդպիսի աղաղակող փաստը թաքցնելը ոչ միայն հնարավոր չէ, այլև զավեշտական է:


Սակայն ռազմաքաղաքական ղեկավարությունը և նրա ենթակայության տակ գտնվող ԶԼՄ-ները որդեգրեցին հենց այդ անհեթեթ մոտեցումը և պատերազմ հայտարարեցին տրամաբանությանն ու քարտեզին: Մենք տարբեր մակարդակներով հորդորել ենք չխաբել հողի տեր ժողովրդին և նրան ներկայացնել ճշմարտությունը, որովհետև կեղծիքը, բացի ինքնին ստորություն լինելուց, նաև խիստ վտանգավոր է պատերազմի մեջ գտնվող ժողովրդի և բանակի բարոյահոգեբանական վիճակի համար: Մեր հորդորներն անտեսվեցին, իսկ կեղծիքը շարունակում է ծավալվել և ավելի ու ավելի այլանդակ ձևեր ստանալ:
ՈՒստի մենք որոշեցինք ժողովրդին ներկայացնել ճշմարտությունը:


Ինչպես հայտնի է, հակառակորդը ապրիլի 2-ի լուսաբացին մեծաքանակ ուժերով և տեխնիկայով գրոհել է Թալիշի դիմացի հատվածում տեղակայված մեր մարտական հենակետերը և, չնայած ծանր կորուստներ է կրել, ի վերջո հաջողվել է գրավել դրանք:
Մեր բանակը հակագրոհով ազատել է այդ հենակետերի մի մասը, սակայն մի քանի հենակետեր մնացել են հակառակորդի ձեռքում:


Հայկական բանակի առաջխաղացումն արհեստականորեն կասեցնելու հետևանքով հակառակորդը ներկայումս սեպի նման մնացել է մխրճված մեր տարածքի մեջ՝ էապես դժվարացնելով այդ ենթաշրջանի պաշտպանությունը:
Այդ սեպը, որը ճակատով ունի մինչև 5,8 կիլոմետր, իսկ խորությամբ՝ մինչև 2 կիլոմետր ձգվածություն և զբաղեցնում է ավելի քան 700 հեկտար կամ 7 միլիոն քառակուսի մետր տարածք, իր ծայրով հասնում է Թալիշ գյուղի վրա իշխող բարձունքին, ինչի հետևանքով գյուղը մասամբ հայտնվել է ուղիղ նշանառության տակ և վտանգավոր դարձել բնակության համար:
Այս պատկերը հստակ երևում է Ազատություն ռադիոկայանի տարածած հայտնի տեսանյութում: Բոլորս ենք հիշում, թե ինչպես էին փորձում մեզ հանգստացնել, որ մենք կորցրել ենք ընդամենը 500 քառակուսի մետր տարածք, որից 300 քառակուսի մետրը հյուսիսում՝ Թալիշի մոտ, իսկ 200 քառակուսի մետրը հարավում՝ Ջրականի մոտ, և որ այդ տարածքները ոչ միայն որևէ նշանակություն չունեն ռազմական տեսակետից, այլև մենք վերահսկում ենք դրանք: Մինչդեռ ակնհայտ է, որ միայն Թալիշի հատվածում կորցրած 7 միլիոն քառակուսի մետր տարածքը ոչ մի կերպ հնարավոր չէ համեմատել 300 քառակուսի մետր տարածքի հետ: Իսկ եթե կորուստը համեմատենք տարածքն օգտագործելու հնարավորության տեսակետից, ապա պարզ է դառնում, որ հակառակորդին իշխող դիրքեր հանձնելու հետևանքով մենք փաստորեն կորցրել ենք Թալիշ գյուղն իր հարակից այն տարածքներով, որոնք գտնվում են հակառակորդի ուղիղ նշանառության տակ:


Հայկական բանակն ամեն րոպե պատրաստ է ազատել այդ դիրքերը և հեռացնել վտանգը Թալիշից ու մեր պաշտպանության բնագծից, սակայն հող հանձնող և ժողովրդին խաբող ռազմաքաղաքական ղեկավարությունը նման հրաման չի արձակում, քանի որ վախենում է լայնածավալ պատերազմից: Մինչդեռ լայնածավալ պատերազմը մի օր լինելու է և լինելու է մեզ համար ոչ նպաստավոր իրավիճակում, ուստի հարկավոր է այսօր իսկ ջախջախել հակառակորդին և հաստատել
երկարատև խաղաղություն:
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձել է «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպության հաղորդագրությանը՝ «Թալիշում կորցրած տարածքն՝ ըստ քարտեզի» վերտառությամբ, տեղեկացնում է Aravot.am-ը:


«Այդ տեսանյութում կա մի կոպիտ սխալ, որը հատկապես զինվորականները շատ արագ ֆիքսում են: Ընդհանրապես, ընդունված է քարտեզը ներկայացնել ճիշտ հյուսիսի կողմով, և դա սկսում է մեծ թյուրիմացություն առաջացնել: Նախ ասեմ, որ այդ տեսանյութը մեծ մասամբ կապ չունի տարածքի հետ, դա չեմ կարող մեկնաբանել: Ինչ վերաբերում է տարածքը ներկայացնելուն, դուք առաջին իսկ րոպեից կտեսնեք սխալ ներկայացում, ինչը հետագայում որոշ սխալների հիմք է տալիս: Հյուսիսն ու հարավը խառնված են ընդհանրապես:
Այդքանից հետո կարող եմ մի բան ասել, իրականում իրենց ներկայացրածը ոչ միայն սխալ էր, այլև եթե ռեալ թվերով նայենք՝ առնվազն մոտ երկու անգամ սխալ է ներկայացված հստակ մետրերից: Թալիշի նկատմամբ որևէ ռազմական վերահսկողություն չի կարող լինել»,- ասաց ՊՆ մամուլի խոսնակը՝ մեկնաբանելով «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորման պնդումները, թե հայկական կողմի՝ Թալիշի հատվածում կորցրած 7 միլիոն քառակուսի մետր տարածքը ոչ մի կերպ հնարավոր չէ համեմատել 300 քառակուսի մետր տարածքի հետ, որի մասին հայտնում էին պաշտոնապես:


Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ «չունենք ավարտված կոնֆլիկտ, չունենք խաղաղության իրավիճակ ու նման պարագայում քննարկել, թե այս հենակետը տվեցինք, թե վերցրինք, լավ, թողեք մարդիկ աշխատեն, որովհետև այդ աշխատանքից է կախված նրանց հաջորդ աշխատանքի հաջողությունը: 1994 թվականից երկար ժամանակ է անցել, բայց որևէ մեկը չի կասկածում, չէ՞, որ մենք հաղթանակ ենք տարել: Իսկ որևէ մեկը մանրամասն գիտի՞, որ Թալիշի հյուսիս-արևելքում եղած դիրքերից մի երկու հատը տվել ենք, մի ուրիշը վերցրել ենք: Չեք հիշում ու պետք էլ չէ հիշել, որովհետև պատերազմում գլխավոր արդյունքներն են ֆիքսվում»:

Դիտվել է՝ 2466

Մեկնաբանություններ